
Գնալով meghrinews.com կայքում 2013թ.ապրիլի 17-ին տեղադրված Մեղրիի կլոր աշտարակի պատի փլման մասին նյութի հետքերով, փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են վերականգնմանն ուղղված աշխատանքները: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀ Պատմամշակութային միջավայրի պահպանության(ՊՄՊ) Սյունիքի մազային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը նշեց, որ ապրիլի 17-ին, ահազանգ ստանալով ՀՀ ՊՄՊ Սյունիքի մազային ծառայության պետի տեղակալ Ն.Հայրապետյանից, նամակով դիմել է “Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին: Վերջինս էլ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Մշակույթի Նախարարություն: Նամակը նախարարության կողմից ընդունվել է որպես ի գիտություն:
Մենք փորձեցինք հիմնախնդրի վերաբերյալ իմանալ նաև Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի կարծիքը:
Նրա հետ հարցազրույցի ժամանակ պարզեցինք, որ ապրիլի 18-ին համայնքապետարանի կողմից ևս նամակ է ուղարկվել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
– Սրտացավ մեղրեցիներն անմիջապես պատրաստակամություն հայտնեցին վերականգնել բուրջի փլված պատը, բայց, ինչպես հայտնի է, մենք դրա իրավունքը չունենք, որովհետև այն պահանջում է մասնագիտական մոտեցում, որը պետք է իրականացվի հուշարձանների վերականգնման կենտրոնի մասնագետների կողմից,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանը:
Նա միաժամանակ նշեց նաև, որ իրենց կարծիքով Մշակույթի նախարարությանը հղած ահազանգին կարձագանքեին այդ գործի պատասխանատուները, սակայն մինչև հիմա ոչ մի պատասխան չի ստացվել: Համայնքապետը հավելեց, որ կփորձեն նորից դիմել համապատասխան մարմիններին` փրկելու պատմական արժեք ներկայացնող այդ հրաշք հուշարձանը, այլապես, ինչպես նշված է ՀՀ մշակույթի նախարարին հղված նամակում. “Մենք պարտք կմնանք սերունդներին”:
Նյութի հեղինակ` Աննա Օհանջանյան