
04.06.2013թ.
“Կայուն զարգացում” և Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ-ների կազմակերպած բնապահպանական քննարկումներից անմիջապես հետո Մեղրիում սկսվել է ստորագրահավաքի գործընթաց երկրաբանահետախուզական աշխատանքների դադարեցման նպատակով: Ճիշտ է, բնակչությունն սկսել է ստորագրահավաք, բայց անկեղծ ասած քաղաքակիրթ այդ գործընթացին քիչ է հավատում, ինչպես նաև զայրույթով նշում են, որ պատրաստ են ավելի կոնկրետ ու կոշտ քայլերի: Ժողովրդի զայրույթը փոխանցեցինք Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին, որն էլ հայտնեց իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ.

Մեղրի համայնքի ղեկավար
– Մեղրիի բնակչությունը, իմանալով երկրաբանահետախուզական աշխատանքների մասին, ուզում էր գնալ ավելի լուրջ քայլերի: Ինձ, որպես համայնքի ղեկավարի, շատ մեծ դժվարությամբ հաջողվեց մեղմացնել նրանց զայրույթը և փորձեցինք ավելի քաղաքակիրթ ճանապարհով լուծում տալ բնապահպանական այս հարցին: Ավագանու նիստում քննարկվեց ժողովրդին մտահոգող բնապահպանական այս խնդիրը և ուղերձ հղվեց ՀՀ նախագահին: Սպասում ենք պատասխանի: Վերջերս տեղեկացել եմ, որ բնակչության կողմից իրականացվում է նաև ստորագրահավաք: Այս հարցով լրջորեն զբաղվում է նաև համայնքի բնապահպանական մշտական հանձնաժողովը: Հուսանք, որ Մեղրու բնապահպանական այս հիմնախնդիրը կունենա արդարացի լուծում ի նպաստ ազգաբնակչության առողջության և տարածաշրջանի շրջակա միջավայրի բարելավման:
Հ.Գ. Հարգելի՛ մեղրեցիներ, եթե մեզ համար թանկ է մեր և մեր երեխաների առողջությունը, եկեք միասին պայքարենք տարածաշրջանը բնապահպանական աղետից, կործանումից փրկելու համար:
Նյութի հեղինակ՝ Աննա Օհանջանյան