
Սույն թվականի մայիսի 29-31-ը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան գրասենյակի միջոցով իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության (ՔՀՏԻԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի 14 գործընկեր համայնքների (Վանաձոր, Ալավերդի, Ախթալա, Դսեղ, Դեբետ, Ծաթեր, Դիլիջան, Իջևան, Կոթի, Այգեհովիտ, Գանձաքար,Մարալիկ, Ախուրյան, Հայկաձոր) ներկայացուցիչների եռօրյա այց Սյունիքի մարզի գործընկեր համայնքներ: Յուրաքանչյուր համայնքից փորձի փոխանակման այս ծրագրին մասնակցեցին համայնքի ղեկավարը և մեկ ՀԱԽ անդամ: Սյունիքի մարզում իրենց գործընկերներին միացան ՔՀՏԻԱ ծրագրում ընդգրկված Սյունիքի մարզի 10, ինչպես նաև Վայոց ձորի 4 գործընկեր համայնքների ղեկավարները և ՀԱԽ անդամները:
Օրակարգում ներառված էին հանդիպում-քննարկումներ Սիսիանում, Քարահունջում, Կապանում, Մեղրիում, որտեղ ներկայացվեցին ու քննարկվեցին համայնքներին հուզող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են “Քույր քաղաքների, միջազգային կազմակերպությունների և այլ դոնորների հետ համագործակցությունը”, “Գյուղական համայնքների ռազմավարական պլանավորում, համայնքային զարգացման ծրագրերի իրականացում”, “Տեղական ինքնակառավարմանհետագա զարգացման հեռանկարները”, “Մասնակցային ռազմավարական պլանավորում և կառավարում”, “Գործընկեր ՀԿ-ների դերը համայնքային զարգացման ծրագրերում”, “Մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման ամերիկյան փորձառության ներկայացում” և այլն: Ուսուցողական ծրագրի մասնակիցները ներկա գտնվեցին նաև Մեղրի քաղաքում ՔՀՏԻԱ ծրագրի ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերանորոգված կենտրոնական հրապարակի բացման արարողությանը:
Վերոնշյալ պաշտոնական հանդիպում-քննարկումներից բացի կազմակերպվեցին այցեր Սյունիքի պատմամշակութային վայրեր` Շաքեի ջրվեժ, Քարահունջ, Խնձորեսկ, Տաթև և այլն:
Մասնակիցները հնարավորություն ունեցան կազմակերպված քննարկումների և ոչ ֆորմալ շփումների միջոցով միմյանց հետ կիսվել փորձով, առաջ քաշել համընդհանուր խնդիրներ և քննարկել խնդրիների հնարավոր լուծման տարբերակներ՝ ստեղծելով և ամրապնդելով հետագա միջհամայնքային և միջմարզային համագործակցության հնարավորությունները:
Նյութի աղբյուրը` այստեղ