
ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղը, հանդիսանալով հանրապետության հարավային քարակուռ դարպասը, անմասն չի մնացել բազմաթիվ խնդիրներից, այնպիսի հինահարցերից, որոնք շվանիձորեցու համար մնում են անլուծելի, անիրական:
Շվանիձոր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 650մ բարձրության վրա, Արաքս գետի հովտում, Մեղրի քաղաքից հյուսիս-արևելք: Կլիման ձմռանը մեղմ է, ամռանը` շոգ: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Ոռոգման ջուրը 90%- ով մատակարարվում է մեխանիկական եղանակով, որն էլ քիչ, թե շատ ապահովում է գյուղացու գոյատևման համար հիմք հանդիսացող բերքատվության անհրաժեշտ մակարդակը: Սակայն ոչ միայն շվանիձորեցուն, այլ առհասարակ մարդուն գոյատևելու համար խիստ անհրաժեշտ է խմելու ջրի համապատասխան պաշարը, որն էլ Շվանիձորի համար արդեն տարիներ շարունակ համարվում է անլուծելի, հրատապ հիմնախնդիր: Այս տասնամյակների խորքից եկող հիմնախնդրի լուծման եղանակը խմելու ջրի ցանցի վերանորոգումն է, ինչպես նաև նոր ջրագծի կառուցումը: Առկա ջրագիծը մոտ 40 տարվա վաղեմություն ունի, մաշված խողովակները շարքից դուրս են եկել:
Վերանորոգման ենթակա ջրագիծը անցնում է լեռնային տարածքով, որտեղ անձրևաջրերից ու գարնան ձնհալից առաջանում են սելավներ և մեծ վնաս հասցնում խողովակաշարին: Այդ իսկ պատճառով նոր ջրագիծն անհրաժեշտ է կառուցել ակունքից 2 կիլոմետր վերև, հողով ծածկված, ինչպես նաև ամրացված պաշտպանիչ շերտով: Եվ որքան էլ համայնքի համար հրատապ խնդիր է հանդիսանում խմելու ջրագծերի հիմնական վերանորոգումը, ինչպես նաև նոր ջրագծի կառուցումը, սակայն վերջին տարիների տնտեսական անկման և ֆինանսական սղության պատճառով, համայնքը չունի համապատասխան միջոցներ հարցի լուծմանն անհրաժեշտ ընթացք տալու համար:

311 բնակիչ` մարդիկ, ովքեր բարեկեցիկ ապրելու բոլոր իրավունքները ունեն, սակայն չարչարվելուց, քարից հաց քամելուց, տանջվելուց, անտեսված և աշխարհից կտրված լինելուց բացի, օր օրի իրենց խնդիրներին գումարում են ևս մեկը` անլուծելին, անիրական թվացողը:
Նյութի հեղինակ՝ Անի Մախսուդյան