
Հուլիսի 25-ին Մեղրի քաղաքում տեղի ունեցավ սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ընդունարանի բացման արարողություն, որին ներկա էին Մեղրիի և Ագարակի համայնքների, տարածաշրջանի պետական և հասարակական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
Ընդուրանարանը բացվեց «Սյունիքի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իմացիր քո իրավունքները» ծրագրի շրջանակներում:
Բացման խոսքով հանդես եկավ «Սյունիքի երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ, «Իմացիր քո իրավունքները» ծրագրի ղեկավար Աննի Հայրապետյանը: Նա նշեց, որ ընդունարանի բացումը հնարավորություն կընձեռնի բարձրացնելու Մեղրու տարածաշրջանի համայնքների բնակիչների իրավազեկվածության մակարդակը և կաջակցի նրանց խաթարված սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության գործում:
Արարողությանը ողջուններով հանդես եկան Մեղրիի փոխքաղաքապետ Վանիկ Սարգսյանը, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, ընդունարանի համակարգող Արթուր Ղազարյանը և ուրիշներ: Ներկաները կարևորեցին այն հանգամանքը, որ ընդունարանը բացվում է Մեղրիում՝ հանրապետության ամենահեռավոր տարածաշրջանում, ինչպես նաև նշեցին, որ պատրաստ են համագործակցության` հանուն քաղաքացիական հասարակության կայացման:
Ծրագրի ղեկավարը հավելեց, որ ընդունարանը կգործի մեկ տարի: Ավարտից հետո գույքն ու գրականությունը կնվիրաբերվի Մեղրիի համայնքապետարանին:
Նյութի հեղինակ՝ Սաթի Հարությունյան