Մալևի հավատարիմ բնակիչը շարունակում է վառ պահել գյուղի միակ տան լույսը

Մեղրու տարածաշրջանի Մալև կոչվող հին գյուղատեղիում, որտեղ ամենուր ավերակներ են, տներ հիշեցնող քանդված ու լքված քարե բեկորներ, մի տուն կա կանգուն, որը մյուսների ճակատագրին չի արժանացել: Այդ օջախում տարիներ շարունակ լույս է վառվում, տան դարպասներից ներս էլ անվերջ չխչխկոցի ու մարդկային ձայն է լսվում:

Անսովոր ու մռայլությամբ պարուրված Մալեւ հին գյուղատեղիի ամենուր քանդված ու ավերված տների տեսարանն ուսումնասիրելով՝ կածանով առաջ շարժվեցինք դեպի այդ տունը: Տան դարպասներից ներս մեզ դիմավորեց սպիտակ մազերով, 80 տարեկանն անց, բարի ժպիտով Վոլոդյա պապը, ուրախությամբ հրավիրեց ներս եւ քիչ ուշ մեզ միացած տիկնոջը` Շուշանիկ տատիկին, խնդրեց արագ սեղան գցել, երկար ճանապարհ եկած հյուրեին հյուրասիրել:

Վոլոդյա պապն անկեղծացավ, որ կտրված ու հեռավոր վայրում միշտ ուրախություն է հյուր ընդունելը, մի կտոր հաց ու պանիր, տնական գինի ու օղի հյուրասիրելն էլ ավանդույթ է իրենց օջախում: «Էս դուռը բաց է, ով գալիս է, մեր գլխի վրա տեղ ունի: Հիմնականում այստեղ գալիս են տասնյակ տարիներ շարունակ գյուղից հեռացած, այլ վայրրում բնակվող գյուղացիները, ովքեր հիշում ու այցելում են իրենց գյուղն ու պապական գերեզմանները: Մալեւում մենակ ես եմ ու բոլոր այցելուներին իմ տանն եմ ընդունում: Արտասահմանցիներ էլ են եղել մեր տանը` անգլիացիներ, գերմանացիներ, ովքեր եկել են մեր գյուղի հին, 17-րդ դարի հայկական եկեղեցիներն ուսումնասիրելու: Մեր տուն եկած անգլիացի մի երիտասարդ նույնիսկ մեզ նկարեց եւ Անգլիայից մեկ ամիս անց նամակով ուղարկեց նկարը», – ասաց մեզ հյուրընկալած գյուղի միակ մշտական բնակիչ Վոլոդյա Հովհաննիսյանը եւ սկսեց պատմել իր ու գյուղի պատմությունը:

«1600-1700 տարվա պատմություն ունի Մալեւը: Ժամանակին այստեղ հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրել, համերաշխ, միասին հաց կերել, տխրության ու ուրախության առիթներին մասնակցել, բայց, երբ սկսեց էդ ռեվոլյուցիան՝ ադրբեջանցիները թողեցին գնացին, մնացին հայերը: Ես 35 տարի ադրբեջանցիների հետ այստեղ կոլխոզում որպես վարորդ եմ աշխատել, մենակ ես էի հայ: Ժամանակի ընթացքում դժվարություններից, ապրելակերպից ելնելով գյուղը լքեցին նաեւ հայերը: Միջնակարգ դպրոց չկար, ամեն օր 2 կմ ճանապարհ էին անցնում-գնում Շվանիձորի դպրոց: Բոլոր հայերը կամաց-կամաց թողեցին-հեռացան գյուղից, հայկական թաղամասում մնացի միայն ես: Արդեն տասնյակ տարիներ ի վեր մենակ եմ ապրում այս գյուղում: Ծնվել եմ Մալեւում եւ մինչեւ օրս` 81 տարի շարունակ, այս գյուղում եմ բնակվում, անասուն պահում, հող մշակում: Ես ոչ մի տեղ չեմ սիրել, ուրիշ տեղ չեմ ցանկացել գնալ: Այստեղ ավելի քաղցր է, օրվա մեջ մեկ-երկու ժամ դուրս եմ եկել գնացել Մեղրի կամ Ագարակ ու նույն օրը վերադարձել, ոչ մի օր գյուղից չեմ բացակայել», -հպարտորեն ասաց Մալեւի հավատարիմ բնակիչը:

Գյուղից հեռանալ Վոլոդյա պապին չկարողացավ համոզել նաեւ իր կինը` Շուշանիկ տատը, որն իր երեք երեխաների հետ ստիպված մենակ տեղափոխվեց Ագարակ քաղաք եւ այնտեղի դպրոցում ուսման տվեց որդիներին ու աղջկան` նրանց մեծացնելու ու խնամելու հիմնական բեռն իր վրա վերցնելով:

«30 տարի Ագարակում եմ ապրել, երեխաներիս այնտեղ եմ մեծացրել, պահել, լրիվ ես եմ արել: Ամուսինս առավոտյան եկել է իրիկունը նորից գնացել, ինքն էնտեղ է իրեն տիրություն արել, ես էլ էստեղ ինձ ու երեխեքին: Երբ անցա թոշակի, ինձ համոզեց բերեց Մալեւ: Երեխեքս արդեն մեծ են, ամեն մեկն իր մասնագիտությունն է ստացել, երեխեք ունեն, Ագարակում, Մեղրում եւ Երեւանում են ապրում, պարբերաբար գալիս են Մալեւ իրենց ծնողներին տեսնում ու գնում»,- ավելացրեց Շուշանիկ տատը:

Ամուսիններով Մալեւում են ապրում, տնամերձ այգին մշակում, այգուց ստացած բերքը փոխանակում Արտաշատից գյուղ բերվող կարտոֆիլի, շաքարի, վերմիշելի եւ այլ մթերքների հետ: Վոլոդյա Հովհաննիսյանը դժգոհ չէ իր կյանքից, միայն բերքի իրացման դժվարությունից ու տիրող թանկությունից է նեղվում, բայց կարծում է, որ երջանիկ լինելու համար գրեթե ամեն ինչ ունի. կինը կողքին է, երեխաները մշտապես հոգածությամբ են շրջապատում իրենց, թոռնիկների հաջողություններն ավելի են ոգեւորում նրան, այգու բերք ու բարիքը կա, սոված չի մնում: Միայն մնում է մշտապես ամուր առողջություն ունենա, որպեսզի կարողանա հեռավոր ու շատերի կողմից մոռացված հին գյուղատեղիում միակ կանգուն օջախի լույսը շարունակ վառ պահել:

Նյութի աղբյուր

3 comments on “Մալևի հավատարիմ բնակիչը շարունակում է վառ պահել գյուղի միակ տան լույսը

  1. Ասեմ, որ Վոլոդյա պապիկի և Շուշանիկ տատիկի աճեցած Մալևի միրգն ու բանջարեղենը յուրահատուկ համ ունեն… անձամբ երաշխավորում եմ, իսկ կարալյոկի չրի մեծությունը զարմացնում է նույնիսկ մեղրեցիներին: Այնպես որ գնեք մալևյան չրերն արագ.դրանք շատ շուտ են վերջանում: երբեմն նույնիսկ ինձ չի հասնում

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s