Մեղրեցիները փակել են Մեղրի – Երևան միջպետական ճանապարհը
Մայիսի 2-ին դեռ առավոտից Մեղրի համայնքում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում: Ակցիայի մասնակիցները նախ հավաքվեցին Մեղրիի հրապարակում, այնուհետը երթով շրջեցին կենտրոնական փողոցներով «Ազատ, անկախ Հայաստան», «ՀՀԿ հեռացիր», «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով:
Երթի մասնակիցները կրկին վերադարձան Մեղրիի հրապարակ և հավաք իրականացրեցին:
Հրապարակում մեղրեցի երիտասարդ Արամ Հովհաննիսյանը, ով այս օրերին ակտիվ մասնակցում էր Երևանում տեղի ունեցող ակցիաներին, կոչով դիմեց մեղրեցիներին.
-Ես 15 օր տուն չեմ գնացել Երևանի փողոցներից, հիմա եկել եմ էստեղ հանուն մեր ապագայի: Էս դրոշը Երևանում արդեն հաղթել ա, ես բերել եմ էստեղ օծեմ, որ Մեղրիիում էլ հաղթի ու ամբողջ Հայաստանում:
Նա ավելացրեց, որ սա պայքար է նաև Լիճքի հանքավայրի շահագործման դեմ:
Արամը կոչ արեց բոլորին միանալ Համազգային շարժմանը և նշեց, որ պայքարը կառավարության դեմ է:
Նույն ժամանակ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ միանալով համազգային շարժմանը:
Նրանք բաց հանքի տարածքից երթով շարժվեցին դեպի Ագարակի հրապարակ, այդտեղից էլ՝ Մեղրի – Երևան միջպետական ճանապարհահատված, այստեղ նրանց միացավ Մեղրի քաղաքից եկած ավտոշարասյունը:
Մոտ մեկ ժամ փակ էր Մեղրի –Երևան միջպետական ճանապարհը:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։