Նոյեմբերի 14-ին Մեղրու քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իր աշխատանքները սկսեց «Կանանց համագործակցություն` ի նպաստ քաղաքացիական հասարակության» երկօրյա համաժողովը, որը «Համագործակցություն և զարգացում 2» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, նշելով, որ ՄԿՌԿ ՀԿ-ի հետ ՏԻՄ-ի համագործակցությունը բավականին արդյունավետ է և նպաստում է համայնքային հիմնախնդիրների լուծմանը: Համաժողովին ներկա էին ինչպես հյուրեր Վայոց Ձորի մարզից ու Սյունիքի այլ քաղաքներից, այնպես էլ Մեղրու տարածաշրջանի մասնավոր, հասարակական և պետական հատվածի ներկայացուցիչներ:
Մեղրիի, Կապանի և Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնները ներկայացրեցին համագործակցային աշխատանքի փորձը: Ելույթ ունեցան նաև Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն` Ս. Հակոբյանը, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն՝ Լ. Վարդանյանը, <Շուկաներ Մեղրիի համար> ծրագրի օգնական` Է. Ստեփանյանը, Եղեգնաձորի կանանց նախաձեռնող խմբի անդամ` Կ. Մովսիսյանը:
Ելույթներից հետո մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ և ներկայացրեցին դրանք:
Համաժողովի երկրորդ օրը կանանց ռեսուրս կենտրոնների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները շարունակեցին աշխատանքները ՄԿՌԿ ՀԿ գրասենյակում: