Մեղրիի քաղաքային լողավազանում ենք: Այստեղ վերանորոգման վերջին աշխատանքներն են իրականացվում:
1960 -ականների սկզբին կառուցված լողավազանը վերջին տարիների անմխիթար վիճակում էր, այսօր արդեն այստեղ կարելի է տեսնել վերանորոգված երկու, ինչպես մեղրեցիներն են ասում, մեծերի ու փոքրերի լողավազանները՝ մաքուր հատակով, մշտապես հոսող ջրով ու կահավորված հանդերձարաններով:

Երեխաներն անհամբեր են, ընկերներով հավաքվում են, այստեղ են գալիս, նայում են մաքուր ու հոսող ջրին, ուրախանում՝ մի քանի օրից լողալու են:
Մեղրիում առանց լողավազանի անհնար է, ամառը՝ ամառ չի:
Քաղաքային լողավազանը տարիների պատմություն ունի, այստեղ շատ սերուդներ են լողալ սովորել: Պատմությունները լողավազանի մասին շատ են: Մեղրեցին պետք է լողալ իմանա, այս կարգախոսով էլ տարիներ շարունակ փորձառու լողորդները սկսնակներին օգնել են ու լողալ սովորեցրել: Չկա մեկը, որ լողավազան հաճախեր ու մի քանի շաբաթից լողալ չիմանար: Սկզբում լողալ սովորում էին փոքրերի համար նախատեսված ավազանում, այնուհետև՝ մեծերի:
Իսկ լողավազանային խաղերը մի առանձին պատմություն են:
Քիչ մնաց, ու էլի ինչպես նախկին տարիներին, լողավազանի բացմանն անհամբեր սպասող երեխաները մեկը մեկին ձայն կտան.
– Բասեինները ծերո-ծերո են….

Լողավազանի բարեկարգման աշխատաներն իրականացվել են Մեղրիի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ, իսկ մեզ էլ մնում է մաքուր ու խնամված պահել տարածքը:
Մեղրիի քաղաքային մարզադաշտի և լողավազանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիս 1 -ին, որի շրջանակներում քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Մեղրի – Ագարակ վետերանների թիմերի ընկերական ֆուտբոլային հանդիպումը: 

Նյութի հեղինակ՝ Արփի Ադամյան