Վերաբացվեց Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցին (տեսանյութ)

2019թ-ի սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվեց Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ․ Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։
Ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ դեսպանությունը համագործակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ։ Պահպանության աշխատանքները մեկնարկեցին մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով, ապա ձևավորվեց ջրահեռացման համակարգը, փոխվեց տանիքը, տեղադրվեց օդափոխության համակարգը և բարեկարգվեց դեպի եկեղեցի տանող ճանապարհը։ Այս աշխատանքներին զուգահեռ մասնագիտական թիմը զբաղված էր եկեղեցում գտնվող որմնանկարների վերականգնմամբ։
«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ու ակնածանք են տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ, և ինձ համար պատիվ է, որ մենք մեր ներդրում ենք ունեցել Սբ․ Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում։ Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ ապագա սերունդներն իմանում են հայկական մշակույթի ակունքների մասին։ Միացյալ Նահանգները հպարտ է, որ 2005թ․ սկսած Դեսպանների հիմնադրամի միջոցով կարողացել է հայաստանյան մշակույթի պահպանությանն ուղղել ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար», – իր խոսքում փաստեց դեսպան Թրեյսին։
Այցի ընթացքում դեսպան Թրեյսին շրջեց եկեղեցում և տեղում ծանոթացավ տարիների ընթացքում կատարված մանրակրկիտ աշխատանքին: Մեղրու ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատանքը հայ գործընկերների հետ մշակութային ժառանգությունը պահպանելու և այն ապագա սերունդներին ներկայացնելու հարցում։ Մեղրու ամփոփիչ միջոցառման ժամանակ դեսպան Թրեյսին հայտարարեց Դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի նոր՝ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի ծրագրի մասին։ Հատկացվել է 100․000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ։

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.