Տեղական իշխանությունները պետք է մարդկանց ներգրավվածությունը քաջալերելու միջոցներ գտնեն:
ՀՀ վարչապետին կից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2019 թ. հունիսին Մեղրի համայնքում երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատել՝
- Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգում,
- Ագարակի և Վահրավարի ջրավազանների վերանորոգում, Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր համայնքների նոր ջրավազանների կառուցում,
- Շվանիձոր և Կարճևան գյուղերում մանկապարտեզի և բուժկետի համար հատկացված շինությունների վերահատակագծում և վերանորոգում։
Սուբվենցիա տրամադրելու հիմնական պահանջն այն է, որ համայնքը յուրաքանչյուր ծրագրի դեպքում ապահովի սահմանված համաֆինանսավորումը: Ներկայացվող ծրագրերը պետք է քննարկվեն համայնքի բնակչության հետ, որտեղ էլ պետք է որոշվի դրանց կարևորությունն ու առաջնահերթությունը:
Մեղրի համայնքի ավագանին մայիսի 7-ին կայացրած որոշումով հավանություն է տվել ֆինանսավորման ներկայացված սուբվենցիոն հինգ ծրագրերին, սակայն մինչև ավագանու հաստատելը, հիշյալ ծրագրերի կարևորությունն ու առաջնահերթությունը պետք է որոշված լիներ հանրային քննարկումների ժամանակ։
Պահանջված փաստաթղթերի փաթեթում պետք է լինի ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպված հանրային լսումների արձանագրությունը: Հանրային լսումներ անցկացնելու վերաբերյալ տեղեկատվությունը և դրանց արձանագրությունները չգտանք համայնքի պաշտոնական կայքում:
Ինչպե՞ս են կազմվել սուբվենցիոն ծրագրերը, ապահովվե՞լ է, արդյոք, բնակչության մասնակցայնությունը, հարցն ուղղեցինք համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:
Հանրային քննարկումներին բնակիչների պասիվություն համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը բացատրում է մի քանի գործոններով և նշում է, որ այդ բացը լրացնում են բնակավայրերում պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու միջոցով:
Մեղրին բազմաբնակավայր համայնք է` կազմված 2 քաղաքային և 11 գյուղական բնակավայրերից համայնքի բնակավայրերը տարբեր խնդիրներ ունեն, խոշորացված համայնքում առաջնահերթությունների որոշման դժվարությունը նաև այն է, որ յուրաքանչյուր բնակավայր կարևորում է իր խնդիրները:
Այս հարցերի մասին meghrinews.com -ը փորձեց զրուցել նաև համայնքի բնակիչների հետ: Նրանք հիմնականում խուսափում էին խոսել հանրային քննարկումների մասին պատճառաբանելով, որ տեղյակ չեն և չեն մասնակցել որևէ քննարկման, սակայն նշում են, որ բոլոր բնակավայրերի խնդիրներն էլ կարևոր են:
Խոշորացված համայնքների բյուջեն ձեւավորվում է նրա բոլոր բնակավայրերի հարկերից, հետեւաբար բյուջեի ծախսումների մասին բնակիչները նույնպես պետք է իրազեկված լինեն: Համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը նշեց, որ հանրային քննարկումները կատարվել են օրենքին համապատասխան, այստեղ նույնպես բնակիչները պասիվ են, ոչ մի առաջարկություն չեն անում:
Մեղրի համայնքի առաջնահերթ լուծելիք խնդիրները պարզելու համար «Հետքը» և meghrinews.com-ը ֆեյսբուքյան հարցում են իրականացրել: Համայնքաբնակներն այստեղ էլ ակտիվ չէին, հարցմանը մասնակցել է 76 բնակիչ և նրանց գերակշիռ մասը (89/7%) առաջնահերթ է համարել համայնքի գազիֆիկացումը:
Գազաֆիկացումը համայնքի ղեկավարը նույնպես առաջնահերթ է համարում, իսկ սուբվենցիոն ծրագրերի մեջ չներառելը պարզաբանում է մեծ բյուջեով, որի համապատասխան համաֆինանսավորում համայնքապետարանն այս պահին չէր կարող ապահովել:
Նա նաև նշում է, որ քաղաքային զբոսայգու կառուցման ծրագիրը ներկայացված սուբվենցիոն ծրագրերից է, իսկ գյուղատնտեսության և տուրիզմին առնչվող խնդիրներն էլ տեղավորվում են համայնքի հնգամյա ծրագրի առաջնահերթությունների մեջ:
Ֆեյսբուքյան հարցման արդյունքներով՝ բնակիչները կարևորում են հետևյալ հարցերը՝ ակնկալելով, որ տեղական իշխանությունը կամ՝ լուծում կտա դրանց, կամ՝ կներկայացնի կառավարությանը:
- Քաղաքային զբոսայգու կառուցում:
- Երիտասարդների համար ժամանցային կենտրոնի հիմնում:
- Արտադպրոցական և արտադասարանական խմբակների՝ լեզվի, մշակութային, ՏՏ և ստեղծագործ կենտրոններ, սպորտային և ձեռնարկատիրական նոր խմբակների ցանցի ընդլայնում: Հիմնավորվում է, որ շնորհալի երեխաները խմբակների բացակայության պատճառով հնարավորություն չունեն բացահայտելու իրենց բնատուր շնորհները։
- Գյուղական, Էկո եւ գաստրո տուրիզմի զարգացում,
- Հանքարդյունաբերությանն ի հակակշիռ զարգացնել չրագործությունը։
- Բազմաբնակարան շենքերի պահպանում:
- Մերժել նոր հանքավայրերի, մասնավորապես Լիճքի հանքավայրի շահագործումը, այն իրական վտանգ համարելով Մեղրիի համար:
- Լիճքի և այլ հայաթափվող գյուղերի բնակիչներին համար արտոնությունների սահմանում, օրինակ, կոմունալ վարձերի կրճատում, կամ ամբողջովին մարում պետության կողմից:
- Խաղահրապարակի կառուցում:
- Դիահերձման վայրը չի համապատասխանում չափորոշիչներին և չկա գնացուցակ։ Պահանջում են տարբեր գումարներ:
- Սպորտդպրոցի հիմնում և սպորտաձևերի ընդլայնում։
- Բնապահպանական խնդիրների կարևորում եւ կանաչապատ տարածքների ընդլայնում:
Բնակչությունն ակնկալում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կկարևորեն ներկայացված առաջարկները և կընդգրկեն համայնքի հաջորդ տարվա տարեկան բյուջեում:
Նյութի հեղինակ՝ Սաթիկ Հարությունյան
Սույն հոդվածը եւ տեսանյութը պատրաստվել է «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացում» նախագծի շրջանակում, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ)՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային ֆոնդի և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ:
Սույն հոդվածում եւ տեսանյութում առկա տեսակետները անպայմանորեն չեն արտացոլում Գերմանիայի կառավարության և/կամ ԳՄՀԸ դիրքորոշումները: Բովանդակության համար պատասխանատվությունը լիովին կրում են հեղինակները:
This publication/video is made possible by the “Citizen Participation in Municipal Budgeting” project implemented by GIZ in the framework of the Eastern Partnership Regional Fund for Public Administration Reform and the Good Local Governance Programme South Caucasus under the commission of the German Federal Ministry for Economic Cooperation and Development.
The views expressed in this publication/video are those of the authors and do not necessarily reflect the views of the German Government and GIZ.