Արդեն 3 օր է մեղրեցիները բողոքում են Մեղրի գետի վրա հերթական ՀԷԿ-ի կառուցման դեմ: Իրենց բողոքը լսելի դարձնելու նպատակով հունվարի 23-ին նրանք փակել էին Մեղրի – Երևան միջպետական ճանապարհը:
Քաղաքացիները նշում են, որ հանրային լսումներ չեն եղել, իսկ ընկերության ներկայացուցիչները հակադարձում, ներկայացնելով լսումների մասին պաշտոնական տվյալները:
Հունվարի 25-ին Մեղրիի մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիպում «Մեղրի 2»ՀԷԿ-ի սեփականատեր «ԳրինՓաուր» ՍՊԸ ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանի, ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի,և համայնքի բնակիչների միջև:Հանդիպմանը ներկա էր նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:
Հանդիպումը անցավ լարված մթնոլորտում:
«ԳրինՓաուր» ՍՊԸ-ի ընկերության ներկայացուցիչ, հիդրո փորձագետ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց կառուցվող ՀԷԿ-ի նախագիծի որոշ մանրամասներ.
-Պատվարը նախատեսված է կառուցել 2 մետր բարձրության և 8 մետր երկարությամբ, առանց ջրածածկ տարածքի, երկու կողմերում կլինեն տղմազտարան 26 կմ երկարության և ձկնանցարան՝ բնապահպանական ելքով:
ՀԷԿ-ի ընդհանուր հզորությունը 2100 ԿՎՏ է, խողովակաշարների տրամագիծը 1400մմ:
ՀԷԿ-ի համար նախատեսված է առավելագույն ջուրը վերցնել մայիս- հունիս ամիսներին 4,1 խմ վայրկյան , թողնելով սանիտարական ելքեր և ոռոգման համար անհրաժեշտ քանակությւոն:
-Մեղրի գետը դառնալու է Մեղրի խողովակներ,- վրդովվում են մեղրեցիները:
-Մեր պապերը դարերով այստեղ ապրել, գետից են սնվել հիմա եկել են պատահական մարդիկ, ասում են՝ մենք Ձեզ 30 լիտր ջուր կտանք:
Մեղրի տարածաշրջանը գտնվում է արևադարձային կլիմայում, ամռանը այստեղ գրանցվում է 45 -50 աստիճան ջերմաստիճան, օգոստոս ամսին Մեղրիում ջուր չի լինում, Մեղրեցիների միակ եկամուտ էլ այգիներից ստացվող եկամուտն է:
-Եթե գետը չեղավ, գոլորշիացում չի լինի, հարաբերական խոնավությունը կիջնի, բույսերը ժամանկից շուտ կչորանան, բերքատվությունը կիջնի, ջերմաստիճանը էլ ավելի կբարձրանա:
-Մեղրիի փրկությունը գետն է, ամռանը բոլորը գետափին են հանգստանում, Մեղրիում գետ հասկացողությունը վերանալու է ՀԷԿ-ի կառուցման դեպքում:
Մեղրեցիները ՀԷԿ-ի հնարավոր ազդեցության այլ խնդիրներ էլ են նշում՝ գլոբալ տաքացումից մինչև Կարմիր գրքում գրանցված կենդանիների վերացում:
Ընկերության ներկայացուցիչների փաստարկներին հակադարձում են.
-Բոլոր ՀԷԿ-երի հետևանքները տեսանք, սուտ խոստումներ են, կառուցում վերջացնում են՝ մոռանում տված խոստումները:
Մինչ ընկերության ներկայացուցիչները խոստումներ են տալիս.
-Սնուցման աղբյուրերը կկարգավորենք, պատրաստ ենք համատեղ աշխատել, սակավաջուր ամիսներին ՀԷԿ-ը չի աշխատի… մեղրեցիները բորբոքվում են՝մենք դեմ ենք, ՀԷԿ-ը չի կառուցվելու և լքում են դահլիճը:
Վերջում ընկերության փոխտնօրեն Հրաչյա Հովսեփյանը հայտարարում է, որ պատրաստ են դադարեցման հուշագիր կնքել համայնքապետարանի հետ:
Մեղրեցիները վճռական են տրամադրված, բայց թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է կանխատեսել:
Արփի Ադամյան
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։