2017 թ-ի հոկտեմբերի 6-8-ը Աղվերանում էին հանրապետության վեց քաղաքները ներկայացնող երիտասարդական խմբեր՝ Գյումրիից,Վանաձորից, Վայքից, Մարտունիից, Գորիսից և Մեղրիից։ «Մասնակցային ժողովրդավարության և քաղաքացիական ակտիվության խթանում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում բոլոր այս քաղաքներում իրականացվել էին ՏԻՄ ոլորտին առնչվող սեմինար-քննարկումներ, որից հետո երիտասարդական խմբերը հանդես էին եկել մասնակցային կառավամարմանն աջակցող տարբեր նախաձեռնություններով։
Մեղրու թիմը ներկայացրեց Մեղրի խոշորացված համայնքում 160 անձանց շրջանում ավագանիների գործառույթների և ճանաչողության վերաբերյալ իրականացած հարցումների արդյունքները և «Մեկ բաժակ սուրճ ՏԻՄ-ի հետ» նախաձեռնությունը.
Վերջինս ՏԻՄ-ի հետ համագործակցության յուրօրինակ մոտեցում էր: Համայնքի ղեկավարի, ավագանիների և ոլորտային պատասխանատուների պատրաստակամ մասնակցության և բաց քննարկումների փաստը շատերի մոտ իրական զարմանք առաջացրեց։
-Փայլուն երիտասարդություն ունենք – ասաց սեմինարի կազմակերպիչ՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն ՍտեփանԳրիգորյանը։ Երիտասարդների մասին հիացմունքով էր խոսում նաև ծրագրի ամենատարեց մասնակիցը՝ ՌուբենՆերսիսյանը:
-Եկել էի այստեղ ոչ միայն տեղեկացվածության համար, այլ նաև հասկանալու մեր երիտասարդների աշխարհայացքը: Եվ իսկապես մեր հասարակությունը գիտակից սերնդի ձեռքերում է, որոնք կերտելու են վաղվա մեր լուսավոր ապագան»:
Սեմինարին հրավիրված էին բանախոսներ ԱԺ-ից, տարբեր նախարարություններից ու հասարակական կառույցներից։
Ինտերակտիվ քննարկումներն ու առողջ քննադատությունը, տեղեկացվածության բարձրացումն ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը ապահովում էր սեմինարի արդյունավետությունը։
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից էր այն, որ մասնակիցները ոչ միայն քննարկում էին իշխանության գործունեության դրական և բացասական կողմերը, այլ նաև դերախաղի միջոցով հենց իրենք էին հանդիսանում «բարեփոխում կատարողներ»:
Սեմինարի վերջնանպատակն արդարացված էր, յուրաքանչյուրը վերադառնում է իր համայնք՝ հասարակության գիտակցության ու կենցաղի մեջ փոփոխություններ կատարելու:
Տաթև Առաքելյան
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։