Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում հատկապես ամռան թեժ ամիսներին գյուղացիները աշխատանքի և զբաղվածության պակաս չեն զգում։ Երիտասարդները աշխատում են և շարունակում են բնակվել իրենց հայրենի գյուղում։ Սակայն ինչպես իրենք են ասում, գյուղում չկան ժամանցի վայրեր և հարմար պայմաններ, որպեսզի կարողանան ավելի հետաքրքիր ու հաճելի դարձնեն իրենց հանգստյան ժամերը։
Զրույցի ընթացքում երիտասարդները նշեցին, որ կցանկանային գյուղում ունենալ լողավազան, ֆիլմերի ցուցադրություն և տեղեկատվական դասընթացներ։
Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանը իր հերթին նշեց, որ չնայած գյուղում կա մշակույթի տուն, բայց շենքը ոչ բարեկարգ վիճակում է, ինչպես նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ կան ծրագրեր՝ թենիսի, լողավազանի, վոլեյբոլի և բասկետբոլի դաշտերի տարածքի տրամադրման համար։ Սակայն ծրագրի իրականացումը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել, եթե անհատների կողմից գյուղում որեւէ ծրագրի նախաձեռնություն լինի:
Տանյա Դեմիրճյան
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։