2016 թվականի օգոստոսին Ֆրանսիայում ստեղծված «Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպության միջոցներով Մեղրու Անապաստանաց վանքում 3 շաբաթ շարունակ մասնագետները և կամավորները իրականացրեցին հետազոտական ուսումնասիրություններ, պեղումներ, չափագրում, տարածքի ամրացման աշխատանքներ:
2017թ.-ի օգոստոսից եկեղեցու տարածքում վերականգման աշխատանքները շարունակվում են: Այստեղ աշխուժ իրարանցում է՝ բակում կամավորները ավազ և քար են տեղափոխում, անհրաժեշտության դեպքում հերթափոխում միմյանց:
Եկեղեցու ներսում պատկերն այլ է, այստեղ անսովոր լռություն է. վարպետները գլուխները կախ իրենց գործն են անում:
Կամավորներից Ռուբենի հետ ենք զրուցում, արդեն 2-րդ անգամ է Մեղրիում, Ֆրանսիայից է ժամանել: Աշխատանքներին սիրով ու պատրաստակամությամբ է մասնակցում, ինչպես ինքն է նշում ՝
– Այսպիսի ծրագրերը սփյուռքահայերին իրենց արմատներին են կապում:
Դավիթբեկյան բերդերի մասին էլ է լսել, որոշել է՝ այս օրերին անպայման բարձրանալ:
Գայանեն, որն Աշտարակից է Մեղրի եկել, կատակում է՝
_ Սկզբում մտածում էի, որ շատ – շատ շոգ է լինելու, ասել էին 50 աստիճան կլինի, բայց բարեբախտաբար այդքան չկար: Նա նույնպես սիրով է մասնակցում աշխատանքներին, տղաներին հավասար քարեր է տեղափոխում:
Ֆիզիկոսներ, կենսաբաններ, տնտեսագետներ… այստեղ կարելի է հանդիպել տարբեր մասնագիտությունների կամավորների՝ հիմնականում երիտասարդներ են՝ ԱՄՆ-ից , Ֆրանսիայից, Հայաստանի տարբեր մարզերից:
Դրսից ժամանած կամավորներին միացել են նաև մեղրեցին երիտասարներ:
Մհեր Նիկողոսյանը, որը Մեղրու համայնքապետարանում է աշխատում, նշում է.
– Հոգուս պարտքն եմ կատարում:
Արդեն 2-րդ տարին է մասնակցում վերականգման աշխատանքներին: Մեզ նույնպես հորդորում է միանալ:
Կամավորները վերջում ավելացնում են՝
-Այստեղ ջերմ մթնոլորտ է, սիրով սպասում ենք, որ ավելի շատ մեղրեցի երիտասարդներ միանան:
Տեղեկանք. Անապաստանաց վանքը կառուցվել է 11-րդ դարում: Այստեղ ժամանակին վանականները ապաստան էին տալիս անտուն մարդկանց:
Նյութը պատրաստեցին՝ Արփի Ադամյանը, Լիանա Սարգսյանը, Տաթև Առաքելյանը «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ –ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի «Պրակտիկ լրագրություն և լրագրողական էթիկա» թեմայով դասընթացի շրջանակներում: