Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Բանակում ծառայող մեղրեցի զինվորների մայրերը Meghrinews.com-ի հետ կիսվում են զգացողություններով և իրենց մաղթանքն են ուղղում զինվորներին ու Հայոց բանակին:
Եղնիկներում ծառայող “եղնիկ” բալես, այսպես է մայրը՝ տիկին Մարին, անվանում որդուն՝ Արթուրին: Արթուրն Ապրիլյան պատերազմի մասնակից է,մեկ տարի վեց ամիս է ինչ ծառայության մեջ է:
– Ամեն մի շարժը զգում եմ` սոված, թե ծարավ, հիվանդ թե առողջ, զինվոր տեսնելուց, անկախ ինձանից, ուզում եմ համբուրեմ, զինվորիս կարոտը առնեմ: Մեր մայրերի աղոթքը նրանց, համբերություն ու առողջություն մեր տղաներին:
Սյունյաց լեռները նրանց են սպասում:
Մամ մի մտածի, շատ լավ ա…
Տիգրանի խոսքերն են մորը՝ տիկին Արաքսին: Այսօր էլ հենց լրանում է Տիգրանի ծառայության մեկ տարին: Մարտակերտում է ծառայում:
– Շատ եմ կարոտել որդուս, մեր տունն առանց իրեն չի տաքանում:
Գիտե՞ս, ես չեմ ուզում, որ իմ Տիգրանն այս երկու տարվա բացակայությունը ուղղակի պարտավորություն համարի, որ երկու տարի պարտադիր պիտի ծառայի: Ու շատ ուրախ եմ, որ ինքը գիտակցում ա՝ իրա պիտանելիությունը բանակին:
Ես ուզում եմ, որ բոլոր զինվորները վերադարձի օրը չհաշվեն, ինչպես և մենք՝ ծնողներս, որքան էլ որ կարոտում ենք, որքան էլ մեր տները ցուրտ են առանց իրենց:
Տղաս զինվոր է:
Այն ինչ հիմա զգում եմ, անհնար է բառերով նկարագրել:
Դավիթ Գևորգյանը արդեն 6 ամիս է ինչ ծառայում է Ղարաբաղում:
-Ամեն օր սրտատրոփ նրա զանգին եմ սպասում, աղոթում Աստծուն` թե’ նրա, և թե’ մեր բոլոր զինվորների առողջության և անփորձանք ծառայության համար:
Խաղաղություն մեր երկրին: Անսահման ուժ ու եռանդ մեր զինվորներին, թող Աստված օրհնի և պահապան լինի յուրաքանչյուր զինվորի:
Վարոս Կարախանյանն օրերս է մեկնել բանակ: Մայրը՝ տիկին Ալլան, արդեն հասցրել է կարոտել որդուն:
Մանկուց որդուս մեջ հայրենասիրություն եմ սերմանել, վստահ եմ, բարձ կպահի Հայոց բանակի պատիվը:
Սահմանին կանգնած զինվորներին առողջություն ու անփորձանք ծառայություն եմ մաղթում:
Տիգրանիս ծառայությունից անցել է ավելի քան 6 ամիս…
Որպես բժիշկ-փորձագետ 2005թ-ից ի վեր աշխատում եմ նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների հետ և հուզմունքով եմ ճանապարհել յուրաքանչյուր զորակոչ: Երբ արդեն իմ որդին պետք մեկներ բանակ, առավել պատասխանատու պահ էր ինձ համար և ես հասկանում էի, որ իմ պահվածքով օրինակ պետք է լինեմ մայրերի համար: Տիգրանն արդեն Հայոց բանակի հրետանային հետախուզական ջոկատի հրամանատար է, կրտսեր սերժանտ:
-Հպարտանում եմ յուրաքանչյուր զինվորի հաջողությամբ և անհանգստանում յուրաքանչյուրի համար:
Շնորհավորում եմ Հայոց Բանակի տոնի առթիվ բոլորիս, մաղթում ամենակարևորը՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին:
Meghrinews.com-ը նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին և զինվորներին մաղթում անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Նյութի հեղինակ ՝ Արփի Ադամյան