Նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը պաշտոնական այցով Մեղրի համայնքում էր:
Վարդանիձոր գյուղի մոտ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որտեղից էլ շարժվեցին դեպի Մեղրիի տարածաշրջանային բժկական կենտրոն:
Վ. Հակոբյանը շրջայց կատարեց «Մեղրու տարածաշրջանի ԲԿ» ՓԲԸ -ում, ծանոթացավ նորակառույց շենքի պայմաններին, հանդիպեց բուժաշխատողների հետ: Հանդիպման ընթացքում խոսվեց բժշկական կենտրոնի խնդիրներից. շենքի ջեռուցում, նեղ մասնագիտական կադրերով հագեցվածություն, նոր և անհրաժեշտ հագեցվածությամբ դիահերձարանի կառուցում:
Մարզպետի հանդիպումների օրակարգում հաջորդը` համայնքաբնակների հետ հանդիպումն էր, որտեղ նա պաշտոնապես ներկայացրեց նորընտիր համայնքապետ Մխիթար Զաքարյանին: Վերջինս խոսեց Մեղրի խոշորացված համայնքի հնգամյա զարգացման պլանի հիմնական ուղղությունների մասին, նշելով որ յուրաքանչյուր գործողություն իրականացվելու է հաշվի առնելով հանրության կարծիքը:
Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքի մարզի խնդիրների, ծրագրերի, առկա ռեսուրների և դրանց նպատակային օգտագործման, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին, պատասխանեց ներկաների հարցերին:
Իր խոսքում նա մասնավորապես ասեց.
-Ինչին ականատես եք լինում հիմա`այն փոփոխություններին, կամ այն որոշումներին, աշխատաոճի փոփոխություններին, սա ձևական չի, սա իրականում կատարվում է, կատարվելու է, ու համոզված եմ գալու ենք տրամաբանական ավարտին, որովհետև ժամանակն է պահանջում:
Պաշտոնական այցի ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանը այցելեց Մեղրիի մաքսաուն, եղավ «Մեղրիի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: