Սեպտեմբերի 25 –ին Երևանում տեղի ունեցավ կիոկուշի կարատե-դո մրցաշար նվիրված ՀՀ Անկախության 25 ամյակին, որին մասնակցում էին հանրապետության տարբեր մարզերի շուրջ 330 սաներ: Մեղրիի կարատեի դպրոցի սաները մրցաշարից վերադարձան մեդալներով ու պատվոգրերով:
Սենսեյ Կարենը ասում է, որ հաղթանակները մի քանիսն են՝ դժվարությունները հաղթահարելու, հակառակորդ ճանաչելու, սեփական թույլ և ուժեղ կողմերը զգալու հաղթանակներ:
-Կարևորը սաների ոգևորվածությունն էր, ինքնավաստահություն կար սեփական ուժերի հանդեպ: Երկրպագելու էին եկել սաների ծնողներն ու հարազատները, ոգևորում էին, մի ամբողջ տրիբունա գրավել էին:
Մրցաշարում միանգամից աչքի ընկան Գուրիկն ու Ալեքսը: Գուրիկն արդեն մարզվում է հավաքականում, Ալեքսը որակավորման քննություն հանձնելուց հետո կմիանա և մարզումները կշարունակի Երևանում՝ ֆեդերացիայի հավաքականի կազմում:
Սաներից Ալեքսի ու Գուրիկի հետ ենք զրուցում, ոգևորված են, պամում են ու կատակներ անում, Ալեքսը հիշում է, որ ընկերների մենամարտերին ակտիվ հետևում էին, գոռում էին ու ոգևորում:
_ Շունչներս պահած սպասում էինք մեր մենամարտին, սպասողական դրություն էր, մրցման ամբողջ ընթացքում մտածում էի հաղթանակի, լավ ներկայանալու մասին: Գուրիկը միանգամից հիշում է՝
-Ալեքսի պապան իր հետ հավասար մենամարտում էր, ապրես տղաս, ոգևորում ու ուժ էր տալիս:
Գուրիկը հասցրել է մտերմանալ հավաքականի անդամների հետ, ճիշտ է ՝ Մեղրին քաշում է, կարոտում է ընկերներին ու բարեկամներին, բայց ինչպես ինքն է նշում իր ապագան այնտեղ է տեսնում: Մրցումների ընթացքում միայն հաղթանակի մասին էր մտածում.
-Վստահ գնում ենք հաղթելու ու հաղթում ենք,- ապա կատակում է.
-Ծնողներին ասում ենք՝ չհաղթենք, տուն չենք մտնելու:
Ամեն մրցում նոր փորձառություն է բերում երիտասարդ մարզիկներին և ապագայում կլինեն նորանոր հաղթնակներ: