
Մեղրու Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Ռաֆայելի խոսքով` միշտ երգչախումբ ստեղծելու ծրագիր են ունեցել, Արտաշեսի միջոցով այն իրականություն է դարձել:
– Արտաշեսը մի նոր կյանք Է տալիս եկեղեցուն:
Արտաշես Սահակյանը ծնվել է 1991 թվականին, Էջմիածնում: Սովորել է Սևանի Վազգենյան դպրանոցում, այնուհետև ուսումը շարունակել Իսրայելում՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, այժմ ծառայում է Մեղրիի զորամասերից մեկում:
-Սովորականի նման մի օր եկել էի պատարագի, մոտեցա, ասեցի,
կարելի է մի երգ էլ ես երգեմ, չմերժեցին, երգեցի: Տեր հայրը և ներկաները զարմացել էին:
-Զատկի օրն էր: Կիրակնօրյա դպրոցի սաները եկեղեցու բակում իրենց ձեռքի աշխատանքներն էին վաճառում, մոտեցա, նայեցի, մտածեցին՝ գնելու եմ, ասեցի՝ երեխեք ես փող չունեմ, հետո քիչ – քիչ ընկերացանք:
Մայիսի մեկից սկսել ենք երգել:
Երգչախմբի անունը Կոմիտաս է, կոմիտասյան պատարագ ենք երգում… մենք չենք երգում, մենք աղոթում ենք:
-Երգչախմբի սաները 12 են,ուզում ենք շատանան: Իրենց համար դաշտը նոր է դեռ, հղկված չեն, բայց դաշտ մտնելու պրոցեսի մեջ են: Կարող ա իրենք լինեն բաղաձայն, բայց լինեն լավ մարդ ու իրանք պետք ա լինեն էս երգչախմբում, իմ համար կարևոր ա մարդկային տեսակը:
Մենք ուզում ենք դառնալ միջնորդ, որ հավատացյալները շատ գան եկեղեցի: Ես խնդրում եմ երիտասարդներին գալ եկեղեցի, մենք ամեն կիրակի էստեղ ենք: Մենք ուզում ենք, որ ժողովուրդը մեզ հետ երգի, մեզ միանա:
Հարցին, թե ի՞նչ է հասցրել սիրել, սովորել Մեղրիում, Արտաշեսը պատասխանեց.
– Թուզն եմ շատ սիրում, նուռը դեռ չեմ փորձել, մի քիչ էլ խոսում եմ մեղրեցիների նման երկարացնելով /ծիծաղում է /:
Պարապմունքից դուրս երգչախմբի սաները Արտաշեսին ընկերոջ պես են ընդունում, զրուցում են ու կատակներ անում:
Արտաշեսը նպատակ ունի ծառայությունը ավարտելուց հետո սովորել Օքսվորդի համալսարանում: Նա հույս ունի, որ իր զորացրվելուց հետո էլ երգչախումբը կշարունակի գործել:
Վերջում Տեր Ռաֆայելը ավելացրեց, որ շնորհակալ է զորամասի հրամանատարությանը՝ ընդառաջելու և Արտաշեսին երեխաների հետ աշխատելու հնարավորություն տալու համար: