Չգիտեմ…չեմ հասկանում և չեմ կարող անգամ գիտակցել, թե ինչպես հնարավոր եղավ ապրել առանց Ձեզ…առանց լույսի, առանց արևի, առանց ջերմության…Բայց, ավաղ, մենք՝ մահկանացուներս, ի զորու չենք ազդելու նախախնամության վրա և ակամա ստիպված ենք հաշտվել ճակատագրի և դառն իրականության հետ:
Արդեն մեկ տարի է, ինչ կյանքից հեռացավ բազմավաստակ ուսուցչուհի Գ.Հայրապետյանը. ավարտվեց, ավա՜ղ, երկրային ուղին մի լուսավոր հոգու, ով աշխարհ էր եկել ուսուցանելու հայ լեզուն, կրթելու հայ միտքը:
Մեծություններ կան, որոնց արժեքն ու էությունը խորությամբ գիտակցել չենք կարող. նրանք անեզր են, անափ…Բավարար է և այն, որ նրանք գոյություն ունեն, լուսավորում ու ջերմացնում են մեր հոգիները…Նրանց երբեք հնարավոր չէ ամբողջապես ընկալել, զգալ և ներկայանալի դարձնել, ինչպես անհնար է տիեզերքը տեղավորել, ասենք, ափի մեջ…Գիտեք, դրա կարիքը նույնիսկ չկա.նրանք ճանաչված են իրենց առաքինությամբ ու բարեպաշտությամբ… ինչպես արևը…
Մեր Արևն էր ՆԱ՝ մեր սիրելի ուսուցիչ Գրետա Հայրապետյանը…
«Կարծես ամառային պայծառ օրը միանգամից մթնեց, երբ լսեցի նրա մահվան բոթը…աշխարհում ԱՐԵՎԸ պակասեց: Աչքիս առաջ հայտնվեց նրա վեհ, հպարտ, պայծառ ու խելացի կերպարը: Մի անբացտրելի կարոտ ինձ տարավ այն դասարանը, որտեղ մենք առաջին անգամ հանդիպեցինք և նա մեզ ողջունեց իր ոսկեղենիկ հայերենով…»:
Գ. Հայրապետյանը ծնվել է 1937թ, Մեղրի քաղաքում, որտեղ և անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մանկավարժական համալսարանում և, ավարտելով այն, ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի(բանասերի) որակավորում:
Դեռևս երիտասարդ տարիքից է Գ. Հայրապետյանը սկսել իր մանկավարժական գործունեությունը՝ հետագա ամբողջ կյանքը նվիրելով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործին: Մեծ գիտելիքների տեր և մանկավարժական բնատուր ձիրքով օժտված երիտասարդ մասնագետը աշխատանքի առաջին իսկ տարիներից արդեն ճանաչված ուսուցիչ էր, ով հայտնի էր դարձել իր անթերի աշխատանքով, ուսուցանելու մեծ տաղանդով և, որ ամենակարևորն է, իր հիանալի աշակերտներով: Եվ պատահական չէ, որ Գ. Հայրապետյանի մանկավարժական հարուստ և բովանդակալից գործունեությունը տարածականորեն ընդգրկում է Մեղրու շրջանի գրեթե բոլոր դպրոցները՝ որպես հ.լեզվի և գրականության ուսուցչուհի, մեթոդ-մասնախմբի ղեկավար, կազմակերպիչ, ուսմասվար(Ագարակի դպրոցում, մոտ 15 տարի), տնօրեն և Մեղրու ժողովրդական կրթության բաժնում հ.լեզվի և գրականության տեսուչ:
Իր մանկավարժական աշխատանքի մոտ հիսուն տարիները համեմված էին նաև գրական-գեղարվեստական հարուստ գործունեությամբ: Նա մի շարք հոդվածների, նամակների հեղինակ է, թղթակցել է կրթական թերթերի, հանդեսների:
Աշխատանքային երկարատև տարիների ընթացքում Գրետա Հայրապետյանը գնահատվեց բոլորի կողմից, բազմիցս արժանացավ պարգևների,շնորհակալագրերի, խրախուսանքների, պատվոգրերի և միշտ մնաց ազնվագույն ուսուցչի կերպարին համապատասխան:
Այսպես էլ կմնաք մեր հիշողության մեջ`վեհ, բարի, հեզ, հոգատար, հավերժ մեր ուսուցչուհի ընկեր Հայրապետյան:
Նա մե~ծ ուսուցիչ էր և կհիշվի ու կսիրվի հավերժ…
«Իմ սիրելի ու թանկագին ուսուցչուհի…երբեք չեմ մոռանա Ձեզ: Այն ամենին, ինչին հասել եմ, ձեր ներդրած ավանդի շնորհիվ է, որը և՛մեծ է, և՛ անչափելի: Միշտ իմ հուշերում կլինեք: Եվ երբ կվհատվեմ, կթերթեմ ձեր տված դասերը, կկարդամ ուղղած տողերն ու մտովի կհիշեմ մեր հանդիպումները, զրույցները…ցավալի է ընդունել Ձեր ֆիզիկական չգոյությունը… Միակ մխիթարությունս թերևս այն է , որ այս աշխարհում ինձ բախտ էր վիճակված աշակերտը լինել լուսավոր մի մանկավարժի ու մարդու, ով անհատնում գիտելիքների հետ նաև իր հոգին էր դնում վարած դասերի մեջ… Մասնագետ, որ ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային գրականության հմուտ գիտակն էր ու անխոնջ ուսուցիչը՝ մշտապես խստապահանջ և համբերատար, բացառապես անզիջում, ոգևորող, լուսեղ…»:
Կարոտում եմ…լալիս…
Չեմ կարողանում գրկել Ձեզ, խոսել Ձեզ հետ և լսել Ձեր ձայնը, որ երաժշտության պես այսօր էլ հնչում է սերունդների գիտակցության մեջ…
Տարելից է, 13 օգոստոսի, և այժմ ուզում եմ այցի գալ Ձեզ, խոնարհվել և արտասվել՝ խնդրելով Արարչին, որ այսուհետ…Արևը չպակասի… որ Արև լինի…
Կարոտում եմ…լալիս…
Թող երկնքում Ձեր անցնելիք ճանապարհը լուսավոր լինի:
Շվանիձորի միջնակարգ դպրոց: