Երեք օր անընդմեջ Մեղրիի քաղաքային ստորգետնյա անցումում եռուզեռ էր:
Անցումը դպրոց, մանկապարտեց, արվեստի դպրոց տանող ճանապարհին է և բավականին անմխիթար վիճակում: Երեխաները և նրանց ծնողները շատ ժամանակ գերադասում են անցնել միջպետական ճանապարհով՝ վտանգելով իրենց կյանքը, դժվարություններ ստեղծելով վարորդների համար:
Նախաձեռնությունը մի քանի նպատակ էր հետապնդում.
մաքրել, բարեկարգել, գեղեցկացնել անցումը, գունազարդ պատկերների միջոցով շահագրգռել երեխաներին անցնել ստորգետնյա անցումով:
Մասնակցելով Էկոլաբ ծրագրին «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ կամավոր Արփի Ադամյանը նախաձեռնություն իրականացնելու հնարավորություն ստացավ:
-Անցումը բարեկարգելու գաղափարը ծնվեց տարբեր քննարկումների, զրույցների, մտքերի փոխանակման արդյունքնում, քայլ առ քայլ հարստացավ, լրացվեց նոր գաղափարներով, սակայն սկզբում ամբողջական պատկերը չէր երևում: Նախապատրաստական աշխատանքները ձգվեցին ավելի քան երկու ամիս՝ խորհրդատվություններ ստացանք մասնագետներից, ներգրավեցինք կամավորներ, պատրաստեցինք նախնական էսքիզները և «ձեռնոց նետեցինք» դժվարություններին:
Նկարազարդումների ժամանակ մեզ միացան թիվ 1 դպրոցի մի խումբ աշակերտներ, հարակից սրճարանի աշխատողները պատահական անցորդներ, մարդիկ ովքեր համացանցից տեղեկացել էին աշխատանքների մասին: Նախաձեռնությունը հնարավոր չէր իրագործել առանց այսքան սրտացավ ու պատրաստակամ աջակիցների օգնության:
Մենք ապացուցեցինք, որ ունենք գեղեցիկը ստեղծելու բավարար ռեսուրս, ապացուցենք, որ ունենք նաև այն պահպանելու մշակույթ: Ֆոտոշարքն այստեղ: