Միջպետական ճանապարհի (Մ2)` Քաջարանից 10կմ հեռավորությամբ մինչև Մեղրի ընկած ճանապարհահատվածում, ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա, ճանապարհի լայնացման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:
Ճանապարհահատվածը վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականներին, այն ունի ռազմավարական կարևոր նշանակություն. այստեղով են անցնում Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծանրաքարշ մեքենաները:
ճանապարհը վերակառուցվում է պետական բյուջեի միջոցներով: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանի խոսքով, ում ղեկավարությամբ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է շտապել, արագ ավարտել գործը, քանի որ օգոստոսի վերջին արդեն այստեղ սկսվում են տեղումներ, նաև՝ ձյան և կարկուտի տեսքով:
«Պետք է շտապենք, բայց ոչ որակի հաշվին»,- ընդգծում է Ա. Գասպարյանը, ապա տեղեկացնում, որ հիմնանորոգումից հետո Ճանապարհը մոտ երկու մետրով կլայնանա։ «Լայնացումները հիմնականում կողնակների, կորերի հաշվին է լինելու, ասֆալտապատ մակերեսն էլ 6մ 20սմ կկազմի:
Հիմնանորոգվող 4.3 կմ ճանապարհահատվածի ներքևի մասում կառուցվում է նաև հենապատ՝ հատկապես մեծ բեռնատարների և ուղևորափոխադրող ավտոբուսների շրջադարձի շառավիղը մեծացնելու համար: «Եթե հիմա 7-8 մետր է շառավիղը՝ կառուցումից հետո կդառնա 11-12 մետր»,- մանրամասնում է Ա. Գասպարյանը:
Այս աշխատանքներին զուգահեռ կատարվում են նաև ճանապարհահատվածի հողային պաստառի վերականգման, ջրահեռացման համակարգի, իջատեղերի և մուտքերի վերակառուցման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի Ծիգ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը, ով տեղում հետևում էր աշխատանքների ընթացքին և որակին, ներկայացնելով ճանապարհի վիճակը նշեց, որ Ճանապարհին գտնվող ջրթող խողովակները կիսով չափ լցված էին հողով, վնասված էին գլխամասերը, քայքայված էին մուտքերը, ելքերը, ամրացումները:
Հիմնանորոգման ընթացքում անհրաժեշտություն կա Ճանապարհի որոշ հատվածներում նոր խողովակներ տեղադրել, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցել հենապատ։ Որպեսզի հիմնանորոգվող ճանապարհն էլ ավելի երկար ծառայի, Մեղրու ճանապարհաշինական ընկերությունը ձեռք է բերել գեոգրիտե ծածկ:
Այն հատուկ նյութից պատրաստված ցանց է, որը 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից առաջ փռվելու է ամբողջ ճանապարհահատվածով՝ կապահովի ասֆալտապատ վերին շերտի ամրությունն ու երկարակեցությունը: Նյութր աղբյուր hetq.am