Հարցազրույց Լեհվազի, Կարճեւանի և Շվանիձորի դպրոցների տնօրենների հետ
Սեպտեմբերի 1-ին հանրապետության դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին: Ի՞նչ խնդիրներ հասցրեցիք լուծել ամառային արձակուրդի ընթացքում, քանի՞ առաջին դասարանցի ունեք, դպրոցն ապահովվա՞ծ է համապատասխան կադրերով եւ դասագրքերով, անցած ուս տարում քանի՞ աշակերտ էր օգտվում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրից եւ արդյո՞ք այն կշարունակվի այս տարի.
Այս հարցերի շուրջ meghrinews.com-ի թղթակիցը զրուցեց Լեհվազ, Կարճեւան եւ Շվանիձոր համայնքների դպրոցների տնօրենների հետ:
«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Վարդանյան
«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում 2013-2014 ուս. տարում սովորում էին 97 աշակերտ, ավարտեց 7 աշակերտ, 5 -ը` ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն: Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում կատարվեց մասնակի վերանորոգում:
Այս ուս տարում ունենք 9 առաջին դասարանցի: Դպրոցը ապահովված է համապատասխան կադրերով: Բոլոր աշակերտները ապահովված են դասագրքերով: Դպրոցը հագեցած է համակարգիչներով, ունի ինտերնետ կապ, որից օգտվում են և ուսուցիչները և աշակերտները, դա նպաստում է ուսումնական գործընթացի մակարդակի բարձրացմանը:
Անցած ուս. տարում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրում ընդգրկված էր 50 աշակերտ: Այդ ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի, բայց տաք սնունդը կփոխարինվի չոր ուտեստներով:
«Կարճևանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Պապյան
«Կարճևանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ում 2013-2014 ուստարում սովորում էին 30 աշակերտ: Երկու աշակերտ ավարտեցին հիմնական դպրոցը և այժմ սովորում են Ագարակի միջնակարգ դպրոցում : Տասը աշակերտ գերազանց առաջադիմության համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության գովասանագրով: Մեկ աշակերտուհի հիմնական դպրոցը ավարտել է կարմիր վկայականով: Դպրոցի բոլոր աշակերտները ապահովված են դասագրքերով:
Առաջին դասարան ընդունվել է 4 աշակերտ: Տարեցտարի նկատվում է աշակերտների աճ: Այս ուսումնական տարվանից սկսած դպրոցում տարրական դասարաններում սովորող տասներկու աշակերտ ընդգրկված է «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրում :
Դպրոցում առկա է 7 համակարգիչ և ինտերնետ կապ: Ժամանակակից տեղեկատվական համակարգչային տեխնոլոգիաների օգտագործումը նպաստում է ուսուցման պրոցեսի բարելավմանը:
«Շվանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Զաքարյան
«Շվանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում 2013-2014 ուս. տարում սովորում էին 26 աշակերտ, ավարտեց 1 աշակերտ: Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում կազմակերպվեց ցերեկային ճամբար, անցկացվեցին շախմատի մրցումներ: Այս ուս. տարում դպրոց ընդունվեց վեց աշակերտ:
Դպրոցն ունի անգլերենի ուսուցչի կարիք: Բոլոր աշակերտները ապահովված են դասագրքերով, որոնց համար ամեն տարի վճարում էին բերքահավաքից հետո, սակայ այս տարվա ցրտահարությունների պատճառով դժվարություններ կլինեն: Դպրոցը համակարգիչների կարիք ունի:
Անցած ուս տարում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրում ընդգրկված էին բոլոր 26 աշակերտը, այս տարի այդ ծրագրից կօգտվի տասներկու աշակերտ: