Ա՛յ որդի, շորերդ հագի՛ր, քեզնից մեղադրյալ դուրս չի գա

Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանի հետ զրույցի ընթացքում ինձ զգում էի «Մենք ենք, մեր սարերի» լեյտենանտի դերում, ով սկզբում գալիս է պետության անունից, ապա այնքան թուքումուր է ուտում և խեղճանում, որ մեղադրողից վերածվում է մեղադրյալի։ Այս նյութի ընթերցումը պարտադիր է հատկապես կառավարության անդամների համար։

Նյութի աղբյուրը`  http://www.tert.am/

g_image

-Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյան, թույլ կտա՞ք Ձեզ քննեմ։

-Օրենքը քո ձեռքի՞ն է։

-Չէ, ես եմ օրենքի ձեռքին։

-Դե որ էդպես է, հարցերդ տուր։

-Ընկեր Օհանյան, ասում են Շվանիձորում ահագին անասուն է պակասել, ժողովուրդը եղածը մորթում, ուտում է, էդ ի՞նչ հաշիվ է։

-Դա էլ հենց բնորոշում է գյուղի վիճակը, գյուղացու հետընթացը հենց այդտեղից է գալիս։ Այն ժամանակ ունեինք կովկասյան գորշ ցեղի կով, և կոլտնտեսություններն ու սովխոզները ներմուծում էին միայն տոհմային ցլիկներ։ Այսինքն՝ ցեղի բարելավում կար, իսկ հիմա բարձիթողի վիճակ է լրիվ։

-Պետությունն էլ քեզ կասի՝ ճիշտ չես ասում, ընկեր Օհանյան, դեմ կտա Հայաստանի Հանրապետության «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքի 4-րդ հոդվածի «զ» կետը, որտեղ գրված է, որ արտերկրից տոհմային և մթերատու բարձր հատկանիշներով այսքան երինջ է ներկրվել։

-Բա ո՞ւր ա։ Սովետի փլուզումից հետո ոչ մի տոհմային ցլիկ այստեղ չի ներմուծվել։ Ամբողջ հարցն այն է, որ գյուղացին նույն խոտն ու կերն է տալիս, բայց ստանում է ավելի ցածր արդյունք և գնում է դեպի հետզարգացում։ Այս կողմերում անասնապահության զարգացում չկա, հեքիաթ է։

-Այ ընկեր Օհանյան, ախր ես Գերմանիայից ու Չեխիայից ժամանած ոսկե ցլիկներին անձամբ եմ տեսել ու շոշափել, ո՞նց թե հեքիաթ է։ Հո ասե՞ղ չէին, որ ճամփին կորեին։ Բայց դե զարմանալին այն է, որ Շվանիձորին չի հասել։

– Իմացա որոնց հետ ես։ Դրանք ֆինանսական առումով այսօր անհասանելի են գյուղացուն։ Գյուղացին որտեղի՞ց 2000-4000 դոլար արժողությամբ տոհմային երինջ գնի։

-Այստեղ էլ պետությունը քեզ ուրիշ բան կասի, կասի՝ բա կուլամ, կուլամ, ի՞նչ կուլամ… Կասի՝ մոդելն առաջարկել եմ, գնացեք էդ մանր տնտեսությունները վերացրեք ու գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծեք և ձեր պետքերը հոգացեք։ Ավելին՝ կասի, որ ընդդիմությունը, որ հակված է ժխտել անգամ մածնի սպիտակությունը, մի քննադատական մռու խոսք չի ասել այս կոոպերատիվների մասին, ինչու՞ չեք հիմնում։

-Ընկեր երևանցի լրագրող, ես 1974 թ. այդ արտադրության մեջ եմ, անասնաբույժ եմ։ Բա դու չգիտե՞ս, որ անասունը գոմում են պահում։ Այսօր մենք ոչ մի կենդանու անասնաշենք՝ գոմեր չունենք։ Ո՞նց կարող ենք կոոպերատիվ ստեղծել։ Եթե շենք չունենք, ի՞նչ կոոպերատիվ։

-Ընկեր գյուղապետ, բա հենց այդ կոոպերատիվները ստեղծում են, որ մի կովը երկու դառնա, կաթումածունն ավելանա, փող դառնա ու նստի էդ կոոպերատիվի հաշվին, հետո այդ փողով տրակտոր առնեք ու հողը բահով չփորեք, անասնաշենք կառուցեք, հետո, որ փողն էլի շատանա անասունին բաղնիքն էլ չի խանգարի։

-Պահ, պահ, պահ, էս ի՞նչ խելոք խրատներ ես տալիս. հիմա տես ես քեզ ինչ եմ ասում։ Գյուղացին հույսը կտրել է պետությունից և չի հավատում այդ կոոպերացիաներին։ Անձամբ ես էլ՝ թերահավատ եմ դրա նկատմամբ։ Ասենք, եթե անասունը բերեցինք, բայց նորմալ անասնաբուժական ծառայություն չունենք։ Անցյալ տարի մեզ մոտ հիվանդություն բռնկվեց՝ լեյկեմիա, 12 խոշորի կորուստ ունեցանք։ Իսկ սատկած անասունի տերը ոչ մի հատուցում էլ չստացավ պետությունից։ Այսինքն, եթե մեզ մոտ չեն գործում ապահովագրական գործակալություններ, կարկտահարություն է լինում՝ տեր չեն, էլ ի՞նչ կոոպերացիա։

-Ախր ընկեր գյուղապետ, էլի դառնում է հավուձվի և հայի վերջին խելքի պատմությունը. ապահովագրությունը չկա ու դրա ջիգրու ոչ մի կոոպերատիվ էլ չենք ուզում հիմնել, կոոպերատիվը չկա, ու հենց դրա համար էլ կարկուտը գալիս է եղածը տանում ու այսպես շարունակ։ Բա լավ, մի ծայրից պիտի՞ սկսենք. էծերին ինադ անենք, գելերի փայ դառնա՞նք։ Կամ ի՞նչ է նշանակում՝ պետությանը չի հավատում գյուղացին, բայց իրեն գոնե հավատո՞ւմ է, հենա էդ կոոպերատիվի գաղափարով պետությունն իր կրծքից կտրում է տնտեսություններին և ասում՝ գնացեք խելք խելքի տվեք, ապրեք։

-Ոնց ապրենք, դե արի էստեղ ապրի, ասեմ՝ մալադեց։

-Դե հիմա փորձության պահն է եկել, ես հիմա գլխի կընկնեմ Դուք ինձ հետ անկե՞ղծ եք խոսում, թե՞ ոչ։ Ասացեք խնդրեմ՝ Ձեր կարծիքով այսօր գյուղացին քաղաքացուց ավելի տանելի վիճակում չէ՞։

-Գյուղացին այսօր քաղաքացուց տարբերվում է, որովհետև առ այսօր դեռ լրիվ չի հյուծվել։

-Փաստորեն, ոտուգլուխ եղանք։ Այսօր գյուղացին ավելի լավ է ապրում, քան՝ քաղաքացին։

-Այո, ես այդպես եմ գնահատում։ Բայց, իհարկե, ոչ բոլոր գյուղերում։ Մենք լեռնային գյուղեր ունենք, որ չես համեմատի հովտային պայմաններում գտնվողների հետ՝ և՛ մակարդակը, և՛ տնտեսական վիճակը։

-Գյուղից չվում կա՞ դեպի տաք երկրներ։

-Չէ դեռ, բայց արտագաղթի միտումներն արդեն զգացվում են։ Բայց դե ես Ձեզ ի՞նչ ասեմ՝ Դուք հանրապետության էսօրվա վիճակն ինձնից էլ լավ եք պատկերացնում, դուք էդտեղ ավելի լավ եք զգում։ Ձեր զգացածը մենք կարող է 2 տարի հետո զգանք։ Դե հիմա էլ մի հարց ես եմ քեզ տալու, տեսնեմ ոնց կպատասխանես։

-Սիրով կպատասխանեմ։

-Դե ասա, էդ քո ասած կոոպերատիվի վարկի տակ ո՞վ է մտնելու։ Կոնկրետ ես, որ որոշ չափով ապահովված եմ, ռիսկ չեմ անի մտնել այդ վարկի տակ։ Ես կճռամ այդ տոկոսների տակ։ Դու ինձ ասա խնդրեմ, թանկ չե՞ն այդ վարկերը, խելքին մո՞տ են։

-Սիրելիս, իհարկե թանկ են, անտրամաբանական բարձր, ռիսկային տոկոսադրույքներ են։ Այստեղ ես լրիվ համաձայն եմ քեզ հետ։ Բայց ամբողջ աշխարհն այսօր գնում է գյուղատնտեսական կոոպերատիվների ճանապարհով։ Այդ կառույցները հետագայում շուկայում քաղաքականություն կթելադրեն, իրավիճակ կփոխեն։ Հո ամբողջ աշխարհը հիմար չէ՞, մենք՝ խելոք։

– Մաֆիան մտել է գյուղատնտեսություն։ Ես մարզխորհրդում բոլորի ներկայությամբ են սա ասել։ Կենդանիների ու բույսերի վարակիչ հիվանդությունները մեծ չափերի են հասնում, և մենք չենք կարող այդ մասին չահազանգել։ Վերցնում են, մեզ վրա խորհրդատուներ են ուղարկում, ովքեր գալիս մեզ բացատրում են, որ անասնաբուծությունն ու պտղաբուծությունը բիզնես է, և մենք պետք է իրենց փող տանք, որ մեզ օգնեն։ Բայց այդ միջազգային կազմակերպություններից սնվող ծրագրերով եկածները չեն հասկանում, որ մենք այսօր չունենք այդ փողերը։

-Պարոն Օհանյան, Դուք, երևի, տեղյակ եք, որ գյուղատնտեսական մեր մշակույթով այսօր մենք ահագին զիջում ենք շատ երկրների։ Մեր գյուղատնտեսական ցուցանիշները շատ ցածր են։ Պարզվեց, որ մենք գյուղատնտեսական բավականին ցածր մշակույթ ունենք, և մեզ, այո, կրթվել է պետք։ Համ չգիտենք, համ էլ չե՞նք ուզում սովորել։

-Չիմացողը թող սովորի. տեսեք, Շվանիձորն ունի 62 հա վարելահող։ Այդ հողը տեղաբաշխված է 1,500 կտորի վրա։ Այդքան հեկտարը 1,500 սեփականաշնորհման անձնագիր ունի…

-Այ ընկեր Օհանյան, դրա համար էլ ասում են, որ այդ մանր տնտեսությունները պետք է միավորվեն, որպեսզի գյուղտեխնիկա ունենան, հողի ուժն ավելացնեն, ավելի առատ բերք ստանան։

-Մեր ռելիեֆը թույլ չի տա, որ այդ հողերը միացվեն։ Մեզ մոտ տեղանքն այլ է՝ թեքություններ են, քարքարոտ, ավազախառը հողեր են։ Մենք Արարատյան դաշտավայր չենք։ Այսօր մենք մեր հողում չենք կարող տեխնիկա կիրառել, որ ազատվենք բահով այգի մտնելուց։

-Ախր, դրսում 21-րդ դարն է, աշխարհն այսօր բահի չափ տրակտորներ է հորինել, որոնք ճանճի մի տզզոցով կարող են ասեղի ծակն էլ փորել։ Ինչո՞ւ եք վախենում։

-Մենք չենք վախենում։ Մենք գիտենք. Մեղրիում կա խանութ, որտեղ ամեն տեխնիկա էլ վաճառում են։ Բայց ի՞նչ գնով։ Դա հենց իշխանությունների բիզնեսն է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց այդ բիզնեսով էլ է զբաղվում, նախարարներն էլ՝ հետը։ Վարչապետը տրակտորներ է նստում, քշում ու մեզ մատնացույց անում, թե՝ «Գնեք, փոքր տնտեսությունների համար շատ մատչելի է»։ Մի փոքրի խոտհնձիչը, որի դանակի լայնությունը 60 սմ է, մեր խանութում 350,000 արժե։ Դա մատչելի՞ է գյուղացու համար։

-Պարոն Օհանյան, ախր խանութում շատ բան է վաճառվում, բայց Դուք լավ էլ գիտեք, թե ինչը որտեղից է պետք գնել, որ ավելի մատչելի լինի, չէ՞։

-Հիմա տրակտորը որտեղի՞ց գնեմ, ինձ ասա։

-Ասեմ. ամիսներ շարունակ, բացի տան արդուկից բոլոր սարքերը հիշեցնում էին, որ ձեր խանութի գնից 30 տոկոսով էժան, լիզինգային տարբերակով տրակտոր են բերել։ Ընդամենը 20 տոկոս կանխավճար ես տալիս և, իմիջիայլոց, ռիսկի ապահովագրում էլ ստանում,առաջարկվող 9 տոկոսն էլ այնքան սարսափելի չէ , կարծես։

-Լիզինգային տարբերակն էլ սա է՝ հիմա ես գնացի, իրենց ապրանքը գնեցի, դրա մի դանակը հենց կոտրեցի, այստեղ ոչ մի տեղից չեմ գտնելու, որովհետև պահեստամաս չկա։ Պիտի գամ հասնեմ Երևան, թե որտեղից եմ ճարում այդ դանակաշարը։ Էն էլ կամ կճարես, կամ՝ ոչ։ Դա արտասահմանյան տեխնիկա է։ Նրանք չեն նախատեսել, որ այն պիտի Հայաստան գա, որտեղ շատ քար կա, կողքին ծառ կա…

-Ծառում փչակ կա, փչակում մի բուն… էհ, ընկեր Օհանյան, իշխանությունը գյուղացուց է բողոքում, գյուղացին՝ իշխանությունից, վերջը հիմար կկուն գալիս ու մեր ձագերին է տանում, ախր էսպես ո՞ւր կհասնենք։

-Հերիք է բոլորդ գյուղացու պրոբլեմներին հեռվից «բինոկլով» նայեք։

-Լավ, կառավարությունն ամբողջ օրը բազմահարկ թվեր է ներկայացնում, գյուղացիներն էլ բազմահարկ բողոքներ, ես, իհարկե, հակված չեմ երկու կողմին էլ անվերապահորեն հավատալու, որովհետև գյուղացու թոռ եմ, գիտեմ, որ իսկական գյուղացու մի ձեռքը գող է, կառավարության թվանկարչական տաղանդի վրա էլ չեմ կասկածում։ Հիմա որ մեր այս զրույցը օգտակար լինի, գոնե առաջարկներ արա նրանց, էդքան տարվա մասնագետ ես, ասա՝ այսպես արեք, որ մեր երկրում ապրել լինի։

-Ես ասում եմ՝ գյուղացուն տրված վարկերի տոկոսադրույքը շատ բարձր է, գյուղացու աչքը վախեցած է, չի կարողանում փակել այդ վարկերը։ Դու սրա հետ համաձա՞յն ես։

-Այո, համաձայն եմ։ Երկրորդն ասեք։

-Պետական ֆինանսավորմամբ պահել լավ վարձատրվող համապատասխան մասնագետներ՝ անասնաբույժներ, սերմնաբույծներ, որոնք երբեք գյուղացուն չեն ասի՝ «Ինձ էսքան փող տուր, որ ես քեզ մի դեղի անուն ասեմ»։ Մենք այսօր չունենք մասնագետներ։ Այսօր ասում են՝ «Այ գյուղացի, եթե ես քեզ անասունի ծննդօգնություն եմ ցուցաբերում, դու ինձ պիտի 15,000 դրամ տաս»…

– Մարդու ծննդօգնությունը ձրի, անասունինը՝ փողո՞վ։ Հա, խտրական վերաբերմունք է մեր չորքոտանի բարեկամների հանդեպ, համաձայն եմ։

-Բա ո՞նց… Դուք լրագրող եք, մեզ օգնեք, գնացեք հենց այդ հարցը բարձրացրեք։ Անասունին մի անգամ սրսկելը դարձել է 50 դրամ, դրա համար էլ անասնաբույժն ստանում է 21,000 դրամ։ Էլ էստեղ մասնագետ կմնա՞։ Համայնքների խոշորացման ծրագիրն էլ է սխալ։ Մենք ունենք Լիճք գյուղ, որտեղ ես աշխատել եմ խորհրդային տարիներին. 280 կթու կով ունեինք, 600 խոշոր եղջերավոր։ Հիմա երկու միավորված գյուղի անասնագլխաքանակն իսկի դրա կեսը չունի։ Ու ամեն ինչը պրոբլեմ է՝ մսի իրացումից մինչև կաթի իրացում։

-Խոստացել էին ամեն համայնքում կաթի իրացման կետեր դնել, փաստորեն դա էլ չի արվել։ Լավ չի։ Դուք Մեղրիում, զգո՞ւմ եք, որ երկրի հարավային դարպասի տերերն եք, թե՞ խոսք է, ասվել է ու այդպես կախվել օդից։

-Մենք զգում ենք, էհ, ասա իշխանությունը զգա։ Այսօր մեր իշխանությունների վերաբերմունքը Սյունիքի նկատմամբ լրիվ բացասական եմ գնահատում։ Մեր գյուղերն ավիրվում են, մարում են։ Հատկապես կրթական համակարգը լրիվ բարձիթողի է։ Կինս էլ մանկավարժ է, դպրոցի տնօրենն է։ Ես էլ շաբաթը երեք օր կենսաբանություն եմ դասավանդում և Ձեզ ներսից ասում եմ, որ այդպես է՝ բարձիթողի վիճակ է։ Հիմա էլ գնում են համայնքների խոշորացման։ Բայց ոչ ոք հարց չի տալիս՝ իսկ ինչո՞ւ է այդ համայնքը փոքրացել, որ հանրապետության բյուջեն լրացնելու համար բոլորին իրար տաք ու խոշորացնեք։ Արի մտածենք, թե ի՞նչ անենք, որ գյուղը չավիրվի։ Ես 100 տոկոսով դեմ եմ այդ խոշորացման ծրագրերին։ Այդ խտացումից ու կենտրոնացումից, պարզ է, որ գյուղեր են վերանում։ Դա աչքակապություն է, որը մեզ ոչինչ չի տալու։

-Ձեր կարծիքով, ի՞նչն է իշխանություններին մղում գնալ այդ խոշորացման ծրագրերին։

-Գնա իրենցից հարցրու, ասա՝ ինչո՞ւ եք գյուղերը, երկիրն ավիրում։

-Սովետից սկսած գյուղերում երկու հավերժական խնդիր կար. ջրի հարցն ու գյուղերի խոշորացումը։ Բայց Ձեզ մի վատ հարց եմ հիմա տալու՝ Դուք ինձ այն ասեք՝ չեք վախենո՞ւմ, որ իշխանություններին քննադատելուց հետո Ձեր տիկնոջը դպրոցի տնօրենի պաշտոնից կհեռացնեն։

-Թող հանեն իմ կնոջը պաշտոնից, ինձ էլ թող հանեն՝ որպես համայնքի ղեկավար։ Ես ասում եմ ճշմարտությունը։ Իրենց բոլորի երեսին էլ եմ ասել. ո՛չ վախեցել եմ, ո՛չ էլ ակնկալիքներ ունեմ։ Ես ինչո՞ւ պիտի իրենցից վախենամ, եթե իմ տղան ինձնից հրաժարվում է, ուզում է գնա արտագնա աշխատանքի։ Էլ ինչի՞ց պիտի վախենամ։

-Տիկնոջից էլ չեք վախենո՞ւմ։

-Ես ուրիշ բանից եմ վախենում եմ, որ վաղը էս երկիրը տկլորանալու է։ Սխա՞լ եմ ասում։ Եթե սխալ եմ ասում, ասեք՝ Դուք սխալ եք։ Թող գան մտնեն մեր կաշվի մեջ։ Թող գան ու տեսնեն, թե գյուղացին ինչպես է ապրում։ Սյունիքի գյուղերն այսօր ծայրագույն աղքատության մեջ են՝ 60-70 տոկոսը պարտքերի մեջ խրված։ Հիմա ես դրանից վախենամ ու չասե՞մ։ Դե, թող գան իմ առաջ կանգնեն, ու ես դեմ առ դեմ կասեմ։ Բա մի փոքրիկ հանրապետությունում էդքան սուպերմարկետներ, էսքան փողատերեր ու այսքան աղքատներ կլինե՞ն։ Երբ կործանման ենք գնում, ես վախենալու ոչինչ չունեմ։ Ամեն մի զոռբայի թիկնապահներին տրվող գումարը եթե փոխանցվի մի համայնքի, այդ համայնքը կհայտնվի կոմունիզմի մեջ։

-Բա ինչի՞ համար են առանձնացրել երկու համակարգեր՝ պետական կառավարում և տեղական ինքնակառավարում։ Ե՞րբ պիտի մեր մարզերն ու համայնքները մի քիչ ինքնակառավարվեն։ Չէ՞ որ դուք պիտի կենտրոնախույս ուժ լինեք։ Ձեր «ծնողը» ձեզ ինչ-որ չափով ազատություն է տվել, թե՝ «Գնացեք, ձեր գլուխները պահեք»։ Ինչո՞ւ եք ուզում ամեն հարցով անպայման երևանյան կառավարման կենտրոն ունենալ։ Կամ ինչո՞ւ եք հաստատ համոզված, որ նրանք ձեր խնդիրները ձեզնից լավ գիտեն։ Ախր, այսպես մենք մի խոշոր բլեֆի ենք վերածում տեղական ինքնակառավարման համակարգը։

-Ես հիմա Ձեր պատասխանը կտամ։ Համայնքն ինչպե՞ս կարող է իսկական տեղական ինքնակառավարման անցնել, եթե ոչինչ չունի։ Հիշո՞ւմ եք՝ նախկինում գոյություն ունեին գնային գոտիներ։ Հիմա Մեղրին ծայրամասում է. պե՞տք է ունենա առավելություն՝ չունենք։ Մեղրիի միջով անցնո՞ւմ է գազատարը՝ Մեղրին գազ չունի։ Մեղրիով անցնո՞ւմ է բենզինը՝ Մեղրիում բենզինը 520 դրամ է։ Դե, խնդրում եմ այս բոլոր հարցերի պատասխաններն ինձ ասեք։ Ներող կլինեք՝ մի կանացի ներքնաշորը առևտրականը փոխում է մի արկղ նռան հետ, որի կիլոգրամը Երևանում 1500 դրամ արժե։

-Տարիներ առաջ, երբ Էդիկ Բարսեղյանն էր Սյունիքի մարզպետը, մենք լրագրողներով Մեղրուց ոտքով գնացինք Իրան, նահանգապետի հետ միասին ճառեր ասվեցին այն մասին, որ համատեղ մեծ շուկա են հիմնում և դրանից հետո համարյա տնտեսական հեղափոխություն կլինի Մեղրիում։ Այդ շուկան, եթե կարողանայիք պահել, հիմա Մեղրին յուղումեղրի մեջ կապրեր, ինչո՞ւ չպահեցիք։

-Ես էլ եմ այդ բոլորը տեսել իմ աչքով՝ Ագարակում բացված շուկան, որը պիտի նպաստեր Մեղրու հասանելիությանը։ Մեղրեցու համար ավելի էժան ու մատչելի պետք է լինեին ներմուծվող ապրանքները։ Հիմա այդ շուկան չկա, որովհետև Երևանի զոռբաները՝ տարբեր սամոները, իրենց ֆուռերով թույլ չէին տա գնային նման տարբերություն։ Դրա համար նշեցի սուպերմարկետները, որովհետև հենց դա փոքր ու միջին բիզնեսի կործանման պատճառը դարձավ։ Նրանք թույլ չեն տա, որ իրենց ապրանքից որևէ մեկն էլ ունենա, ձեռք բերի։ Մենք շատ լավ ձեռներեցներ ունեինք. բոլորին կոխեցին դատի տակ։ Մեղրեցի 12 ձեռներեց տղաներ, ովքեր մաքսատներում ապրանք էին անցկացնում, դատվեցին 1 տարում։ Գլխներին գործ սարքեցին, մաքսավորին էլ հետը տարան կորցրին։ Հասան նրան, որ շուկան վերացրին։ Եթե Ձեզ պետք է սա իմանալ՝ իմացեք։ Խոշոր ներմուծողին ձեռք չէր տալիս, որ մեր տղաներն էլ այստեղ գործեն։ Ով սրան դեմ է, թող գա, թվերով դնեմ դեմը, հետս խոսի։

-Ընկեր գյուղապետ, քո գյուղը 31 հեկտար այգի ունի, ասա՝ հա։

-Ասենք, հա, հետո՞։

-Ամեն մի հեկտարից մի 20 տոննա բերք կստացվի, չէ՞։

-Դե մի 15-20 տոննա, հա, կստացվի։

-Բա սա բարեբեր հող է, Սյունիք աշխարհ է, խեղճությունն այստեղից մի քանի հազարամյակ առաջ են քշել, չէ՞։

-Սյունիքում խեղճ չկա, դու պինդ մնաս։

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s