2013թ դեկտեմբերի կեսերից սկսած և մեկ ամիս ձգված աննախադեպ երկար սառնամանիքները շատ խնդիրներ ստեղծեցին մեղրեցիների համար:
Սակայն մեղրեցիներին առավել մտահոգում է մի հարց. արդյո՞ք ցրտահարվել են պտղատու ծառերը, որոնք շատերի եկամտի հիմնական աղբյուրն են:
Արաքսի ափամերձ տարածքում այգեգործությամբ զբաղվող Սեյրան Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1992թ-ից այս տարածքում այգի է մշակում ու միչև այս տարի այգեմիջյան առուն ոչ մի անգամ չի սառել, այն էլ նման հաստության սառույցի շերտով:
-Այս տարածքը ամենատաքն է, բայց արդեն նկատել եմ մի քանի թզենիներ, որոնց կեղևը ճաքել է: Դա ցրտահարության առաջին նշաններից է. -ասաց Ս.Ադամյանը, ապա ավելացրեց,- վերևի գոտիներում ավելի ցուրտ է լինում, և ցրտահարության իրական չափը կերևա ավելի ուշ:
Իսահակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ Մեղրի ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող իր այգում ցրտահարվել են թզենու երիտասարդ տնկիները:
-Մեծ ծառերի մասին առայժմ հնարավոր չի կոնկրետ որևէ բան ասել, նշեց Ի.Հովհաննիսյանը,- ցրտահարվե՞լ են դրանք թե` ոչ, կերևա երբ օրերը մի քիչ տաքանան: