
Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները.ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:
Հունվարի 13-ին հանրակրթական դպրոցներում ավարտվեցին արձակուրդները, իսկ Մեղրու տարածաշրջանի շատ կազմակերպություններ դասապրոցեսը սկսելուն պատրաստ չէին. Ըստ առողջապահության տեսչության` հունվարի 14-ի դրությամբ ջերմաչափման արդյունքները առավոտյան Մեղրու թիվ 1 դպրոցում 7°С-11°С, թիվ 2 դպրոցում`1°С-7 °С, իսկ Ագարակի դպրոցում կեսօրին ցուցանիշը կազմել է ընդամենը 8°С-13°С: Դպրոցականների բացակայությունները համապատասխանաբար կազմել են 20%, 40%, 45%:
ՙՄեղրու ՏԲԿ՚ ՓԲԸ տնօրեն Լ. Վարդանյանի հավաստմամբ երեխաների բացակայությունները հիվանդացության բարձրացման հետ կապված չեն: Բացակայությունների հիմանական պատճառը վերը նկարագրված պայմաններն են:
Այս ամենը մասին խոսվեց հունվարի 14-ին Մեղրիի թիվ 1 դպրոցում կազմակերպված խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել էր Սյունիքի մարզպետարանի կրթության, սպորտի և երիտասարդության վարչության պետ Ն. Ավանեսյանի կողմից: Մինչ այդ, նա տեղում ծանոթացել էր իրավիճակին, այցելելով քաղաքային դպրոցներ: Տնօրենները որոշ խնդիրների ալտերնատիվ ժամանակվոր լուծումներ էին գտել, բայց օբյեկտիվ պատճառ հանդիսացող սառնամանիքը անհնար է հաղթահարել:
Իրադարձությունների հետագա որոշիչ հանգամանքը մնում է եղանակային գործոնը: