
Մեղրիի տարածաշրջանի հիմնախնդիրների վերհանման նպատակով մենք այցելեցինք Ալվանք գյուղական համայնք, որը նախկինում կոչվել է Ալիդարա, Ալտարա: Մինչև 1990թ-ը գյուղի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են եղել:
Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքների, այնպես էլ Ալվանքի բնակիչներին անհանգստացնում են մի շարք հիմնախնդիրներ, սակայն նրանց համար առաջնային է խմելու ջրի հարցի լուծումը: Համայնքապետարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ հարցին լուծում տալու համար ձեռնարկվել են մի շարք քայլեր` դիմել են համապատասխան կառավարման մարմինների, խոշոր կազմակերպությունների, սակայն մինչ օրս հարցը դեռ լուծված չէ:Տեղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նույնպես հուզում է խմելու ջրի հարցը, քանզի նրանք չունեն համապատասխան սանիտարահիգիենիկ ապահովված պայմաններ, սանհանգույց, իսկ ճաշարան գնալուց առաջ նրանք ստիպված են լինում մոտակա աղբյուրի մոտ հերթ կանգնել: Դպրոցն ունի նաև շենքային ոչ բարենպաստ պայմաններ, վերանորոգման կարիք ունեցող դասասենյակներ, տանիք, այդ ամենից ելնելով նաև ջեռուցման խնդիր: